Եթե մարդը չի հայտարարագրել, դեմ է եղել, ստացվում է, որ ինքնաշխատ հայտարարագրերի պատասխանատուն ՊԵԿ-ն է լինելու. Նաիրի Սարգսյան
Հասարակություն
16:08 08/10/2025
Հայաստան

Եթե մարդը չի հայտարարագրել, դեմ է եղել, ստացվում է, որ ինքնաշխատ հայտարարագրերի պատասխանատուն ՊԵԿ-ն է լինելու. Նաիրի Սարգսյան

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ակ նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ չեղաչկվելու են եկամտի համընդհանուր հայտարարգիր չներկայացնելու համար նոյեմբերի 1-ից նախատեսված տույժերի կիրառումը և մտցնելու են եկամտի հայտարարագրման պարզեցված համակարգ, ըստ որի ՊԵԿ-ն իր մոտ եղած տվյալների հիման վրա, ինքնաշխատ եղանակով է քաղաքացու փոխարեն հայտարարագրերը լրացնելու։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը տեսաուղերձում շնորհավորեց հայտարարագրումը բոյկոտող մոտ 740 հազար քաղաքացիներին փոքր հաղթանակի  առիթով և իշխանությունների այդ  հայտարարությունը հետքայլ համարեց։ Panorama.am-ը  Նաիրի Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինքնաշխատ եղանակով ՊԵԿ-ի կողմից հայտարարագրերի ներկայացումն արդյո՞ք ռիսկեր չի պարունակում սովորական քաղաքացու համար և արդյոք չի աղճատում հայտարարագիր տալու ինստիտուտի սկզբունքները։

Ն. Սարգսյան-Իհարկե խաթարում են եկամտի հայտարարագիր տալու տրամաբանությունը։ Մենք առայժմ չենք անդրադառնում այդ սցենարին, որովհետև սրանց հայտարարություններն ու ընդունած իրավական ակտերն իրարից միշտ տարբերվում են։ Իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ ապացուցել են, որ նույնիսկ օրենք կարդալ չգիտեն, այսինքը՝ սխալ են մեկնաբանում։ Դրա համար մենք չենք անդրադառնում։

Հերթական հետքայլն արձանագրում ենք՝ շարժվում առաջ մինչև հրապարակեն փաստաթուղթը։

Ինչն է այստեղ վտանգը։ Հարկատուների հարկերի ինքնահայտարարագրման ինստիուտն են ոչնչացնում, որովհետեև հարկատուն ինքն է իր հարկերը հայտարարագրում և որոշում։ Ինչ է նշանակում, եթե դու չես հայտարարագրել, չես մտել, փոփոխություն չես արել, ապա համարվում է օրենքի ուժով հայտարարագրված։ Հետևաբար, այստեղ պատասխանատվության խնդիր է առաջանում։ Եթե մարդը չի հայտարարագրել, դեմ է եղել դրան, դուրս է գալիս, որ պատասխանատվությունը ՊԵԿ-ն է ստանձնում, ինչի իրավունքը այդ կառույցը չունի։ Նկատի ունեմ քաղաքացիների փոխարեն հայտարարագրելը։ Այդ դեպքում պատասխանատվությունը ՊԵԿ-ն է կրում, որովհետև, ըստ էության, հայտարարատուն է պատասխանատվության ենթարկվողը։

Այստեղ անորոշությունն ու անլրջությունն այնքան շատ է, որ դրանց մանրակրկիտ անդրադառնալու ենք հենց փաստաթուղթը հրապարակվի, և կարծում եմ, որ այն վաղը, մյուս օրը կհրապարակվի։

Panorama.am -Մենք գիտենք գործող իշխանությունների գործելաոճը։ Հնարավո՞ր է, որ ՊԵԿ-ի կողմից ինքնաշխատ լրացված հայտարարագրերի համար էլ քաղաքացուն պատասխանատվության ենթարկեն։

Ն.Սարգսյան-Չի կարող նման բան լինել։ Եթե քաղաքացին չի ներկայացրել հայտարարգիրը, չեն կարող պատասխանատվության ենթարկել։ ՊԵԿ-ի անլրջությունը նույնիսկ այստեղ է երևում։Նրանք նույնիսկ իրենց այս պատասխանատվության ինստիտուտին ուշադրություն չեն դարձրել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե մարդը չի հայտարարագրել, դեմ է եղել, ստացվում է, որ ինքնաշխատ հայտարարագրերի պատասխանատուն ՊԵԿ-ն է լինելու. Նաիրի Սարգսյան